«2026թ.–ի ընտրությունները պետք է անցկացվեն առանց ՔՊ–ի»,– ասել է Բագրատ Սրբազանը, հրաժարվելով փակագծերը բացել։
Թերևս, Սրբազանը խոսում է փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին:
Նման մի վերջաբան է ենթադրում նաև իմպիչմենտի նախաձեռնությունը:
Ես 100%-ով համաձայն եմ Փաշինյանի շուտափույթ հեռացմանը ու պատրաստ կլինեմ ուժերիս ներածի չափով լծվել Սրբազան պայքարին կամ «Արթուն ենք» շարժմանը:
Բայց մի կարևոր «բայց» կա:
Սրբազանը պետք է հիմնավորապես բացատրի, թե ինչու՞ նույն Փաշինյանի հեռացումն անցած տարի հնարավոր չդարձավ, երբ Երևանի փողոցները հեղեղված էին մի քանի տասնյակ հազար մարդկանցով:
Կամ ինչու՞ իմպիչմենտի օրակարգը չի դառնում իրական քաղաքական գործընթաց, եթե նույնիսկ այն ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է:
Պատասխանը շատ պարզ է՝ դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն:
Եթե կուզեք՝ դա անվանեք ազգային-պետական նոր նախագիծ կամ «Հայկական օրակարգ»՝ ռեալիստական հիմքով:
Հենց դա ունեցանք Փաշինյանի հեռացման հարցը դառնում է հնարավոր՝ բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ընտրություններով:
Բնականաբար, քաղաքական այդ ծրագիրը ենթադրում է նաև քաղաքական հարթակի ձևավորում, որը, սակայն, կոնսոլիդացվելու է ոչ թե առաջնորդի, այլ կոնկրետ օրակարգի շուրջ:
Մնացած խոսակցությունները հիշեցնում են «Պեպսի կոլայի» հայտնի գովազդը...
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ